ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անառակի կիրակի (8-ը մարտի, 2009 թ.)

Անառակի կիրակի (8-ը մարտի, 2009 թ.)
06.03.2009 | 00:00

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Պատահում է, որ հորից իր ժառանգությունը պահանջած զավակն անառակության մեջ վատնում է ամեն բան, որն իր կարիքի համար էր: Եվ իր թշվառության մեջ այլ տեղ չի գտնում գնալու, քան իր հոր մոտ դառնալ, ասելու. «Մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատաւորներից մէկը»:
Այդպես է յուրաքանչյուրիս դարձը դեպի Աստված, նույնն է թե` դեպի Քրիստոս:
Մեջբերենք Քրիստոսի պատմած «Անառակ որդու վերադարձը» առակը, առակ, որ միլիոնավոր մեղավորներիս հույս է տալիս, թե երբ Աստված անառակ որդուն ետ ընդունեց, առավել պակաս մեղավորներիս էլ կընդունի: Մենք էլ մեր դառն ցավերից ու հուսախաբություններից, մեր մեղավոր մոլորություններից ժամանակին հետ դառնանք Արարիչ Հոր մոտ, նրա ապահովության մեջ, հասկանալով ու ասելով. «Մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մէկը»:
ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետև անառակ կեանքով էր ապրում: Եվ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, և նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկաւ և ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մօտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատաւորներից մէկը»: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. և մինչդեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան և գթաց. վեր կացաւ և վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու»: Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք և նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց». և սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մօտեցաւ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացաւ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան: Որդին պատասխանեց և ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց»: (Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 15):
Այս առակը խրատ է ամենքիս` եղբայրներից որ մեկի փոխարեն էլ խորհրդանշորեն մենք մեզ տեսնենք.
1. դառնանք Աստծուն մեր բոլոր անառակություններից ու թշվառություններից հեռանալով, երբ մենք ևս անառակ որդի ենք: Հույսը մեր նրա հայրական ներման վրա դրած, նրանից այլ բան չորոնելով, քան խոնարհության այս աստիճանը խնդրելու. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու»:
Եվ երբ Հայրը մեզ ընդունի, ապա իր ծառաներին կհրամայի. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք և նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց».
2. եթե ավագ որդու պես հայրական տանն ենք, ապա ուրախանանք մեր անառակ եղբայրներից մեկն ու մեկի դարձի համար, որովհետև մեր եղբայրը «մեռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց»:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ